Հոկտեմբերի 22-ին իրանական ԶԼՄ-ները խիստ զարմանալի հաղորդագրություններ տարածեցին։ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի փոխնահանգապետ Ալիյար Ռաստղուն այդ օրը հայտարարեց, որ Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի գոտուց իրանական սահմանամերձ Խոդա Օփարին քաղաքի տարածքում ընկել է մոտ 70 հրթիռ և արկ։ «Հրթիռներն ընկել են մի քանի գյուղերի վրա, բայց, բարեբախտաբար, մեծ վնաս չեն հասցրել»,- ասել է պաշտոնյան։ Նա դարձյալ հիշեցրել է, որ հակամարտության կողմերը Իրանի զինվորականների կողմից նախկինում բազմիցս նախազգուշացվել են նման գործողությունների անթույլատրելիության մասին, որոնք վտանգի տակ են դնում Իրանի քաղաքացիների կյանքը։
Վերևում մենք արդեն հայտնել ենք, որ Իրանի ՀՕՊ ուժերը, ներառյալ ԻՀՊԿ-ի ստորաբաժանումները, լայնածավալ զորավարժություններ են սկսել։ Կապվա՞ծ են արդյոք «Երկնքի պաշտպաններ» անվանումով այդ զորավարժությունները Իրանի հյուսիսային սահմանների մոտակայքում շարունակվող պատերազմական գործողությունների հետ, չի հաջողվել պարզել։
Հոկտեմբերի 22-ին իրանական «Ազարիհա» ալիքը տեսակադրերում ցույց է տվել «կովկասյան թաթարների» զորքերի գործողություններից Իրանի սահմանամերձ բնակավայրերի ավերված տները։ «Փոխանակ իրենց դիրքերը ծավալեն հյուսիս-հարավ ուղղությամբ, Բաքվի ուժերը ծավալվել են արևելք-արևմուտք ուղղությամբ։ Նա իր դրոնները ¥ԱԹՍ¤ ուղղում է Իրան և Սիրիայի ու Թուրքիայի ահաբեկիչներին տեղաբաշխել է իրանական սահմանին։ Ժամանակը չէ՞, որ իրանական բանակը պաշտպանական գոտի հայտարարի Լեռնային Ղարաբաղի խորքում»,- գրում է «Ազարիհա» ալիքը։
Այսպիսով, Բաքուն և Անկարան անտեսել են Իրանի բազմակի նախազգուշացումներն այն մասին, որ Իրանի տարածքի դեմ ցանկացած, նույնիսկ չկանխամտածված ագրեսիան անընդունելի է։ Այժմ, հավանաբար, աշխարհը սպասելու է, թե պաշտոնական Թեհրանն ինչ պատասխան է տալու երկու ագրեսորներին։ Իհարկե, չպետք է մտածել, թե Իրանը «նստել ու երազում է», թե ինչպես միջամտի մեր պատերազմին։ Հակառակը, Իրանը մշտապես նախազգուշացրել է տարածաշրջանի բոլոր երկրներին, որ անհրաժեշտ է վերադառնալ խաղաղ գոյակցությանը և հարցերը լուծել բանակցությունների միջոցով։
Բայց տվյալ դեպքում Թուրքիան ու «կովկասյան թաթարները» պարտադիր կերպով պատասխանատվության են ենթարկվելու Իրանի կողմից։ Թե հենց ինչ պատասխանատվության, մենք առայժմ ի վիճակի չենք կռահելու։ Ամենահավանականն այն է, որ Իրանի պատասխան գործողություններն ինչ-որ ձևով համաձայնեցված են լինելու Ռուսաստանի հետ։ Չէ՞ որ հոկտեմբերի 21-ին «Sputnik» հեռուստաալիքի հետ հարցազրույցում Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզոդան ասել է, որ Թեհրանի համար Ռուսաստանը առանցքային ռազմական ու պաշտպանական գործընկեր է. «Թեհրանի և Մոսկվայի միջև բանակցություններն այժմ ընթանում են պաշտպանության ոլորտում համագործակցության գծով համատեղ հանձնաժողովի շրջանակներում։ Այդ նույն շրջանակներում իրականացվում են երկրների պաշտոնական անձանց համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ տարածաշրջանային ու միջազգային հարցերով»։ Ընթացիկ պահի ամենահանելուկային հարցը հենց այն է, որ ոչ ոք չգիտի, թե հենց Իրանն ու ՌԴ-ն ինչպես կպայմանավորվեն իրար հետ և ինչպես կգերադասեն պատասխանել Անկարային ու Բաքվին այն բանի համար, որ նրանք հազարավոր ահաբեկիչներ են նետել Կովկաս։
Հոկտեմբերի 22-ից հետո Իրանից եկող բոլոր հաղորդագրությունները ցույց էին տալիս, որ իրանցիները կատաղած են ու լրջորեն մտածում են հատուցման հարվածների մասին։ Չէ՞ որ երբեմն Իրանի այս կամ այն հեռագրաալիքը (ՑպսպչՐՈՎՎ-ՍՈվՈս¤ պարզապես հնչեցնում է այն, ինչը կա իրանական ղեկավարության ու ռազմական հրամանատարության «մտքում», բայց դիվանագիտական նկատառումներով Թեհրանի պաշտոնատար դեմքերը շարունակում են լռել։ Եվ հոկտեմբերի 23-ի երեկոյան համացանցում տարատեսակ լուրեր հայտնվեցին, թե Իրանը «կովկասյան թաթարներին» ևս մի շարք հրթիռա-հրետանային հզոր հարվածներ է հասցրել։ Որոշ ոչպաշտոնական աղբյուրներ, այդ թվում՝ Արցախի մարտական գործողությունների գոտուց, հաստատել են, որ թուրքերին իրանական հարվածները եղել են։ Բայց որևէ մանրամասնություն հայտնի չէ։ «ՈՒ՞մ վրա են կրակել իրանցիները» հարցը չարժե քննարկել։ Այդ Բաքվի քարոզիչներն ու պանթուրքիստներն են ձևացնում, թե «չեն հավատում, որ Իրանը կարող է կրակել իր եղբայրների վրա»։ Նման մոգոնվածքներ է հնչեցրել Թեհրանում Բաքվի դեսպանը, բայց նրանից ի՞նչ պահանջես. նա ընդամենը Բաքվի քարոզչամեքենայի մի անվակ է։
Կարող եմ հանգստացնել մեր հայրենակիցներին. Իրանը չի կրակել ոչ Հայաստանի, ոչ Արցախի վրա, Իրանը կրակել է նրանց վրա, ովքեր առաջին անգամ չէ, որ չարաշահում են Իրանի ղեկավարության ու ռազմական հրամանատարության համբերությունն ու զսպվածությունը։ Եվ բոլորովին կարևոր էլ չէ իմանալ, թե Իրանի կոշտ արձագանքից ու հատուցման հարվածներից հետո քանի թշնամի է ուղարկվել Ալլահի գիրկը։ Ժամանակին ամեն ինչ հայտնի կդառնա։
Հոկտեմբերի 23-ի երեկոյան Իրանի հյուսիսային սահմանում կատարվածի մոտավոր բացատրությունը, մեր կարծիքով, կարելի է գտնել այն հայտարարություններում, որոնք այդ օրվա առավոտյան արել էր ՌԴ-ում Իրանի դեսպան Ղասեմ Ջալալին РИА «Новости» գործակալության հետ զրույցում։ Հոկտեմբերի 22-ին ադրբեջանական քարոզչամեքենան հայտարարել էր Արցախի և Իրանի սահմանի վրա «լիակատար վերահսկողություն» սահմանելու մասին։ Երևանում հերքել էին այդ պնդումը։ Եվ ահա դրանից հետո Ջալալին հայտարարեց. «Մեր երկրի սահմանամերձ շրջաններում ակտիվությանը լրջորեն և ուշադրությամբ հետևում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, և այդ կապակցությամբ, անընդունելի հայտարարելով տարածաշրջանում հակամարտող ցանկացած կողմի ագրեսիան մեր երկրի հանդեպ, լրջորեն նախազգուշացնում ենք նրանց անհրաժեշտ զգուշության մասին։ Թեհրանը սերտ ու լուրջ շփումների մեջ է բոլոր կողմերի հետ։ Իրանը որևէ ձևով չի հանդուրժի ագրեսիան իր սահմանների և իր տարածքի վրա։ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին իրադարձությունների ժամանակ մենք հայտարարել ենք, որ այդ սկզբունքը չպահպանող ցանկացած կողմից մենք լիովին երես կդարձնենք»։ Միաժամանակ մենք կարծում ենք, որ Ջալալիի հայտարարությունները և նույնիսկ «կովկասյան թաթարներին» հասցրած երեկոյան հարվածները չեն նշանակում, որ Իրանն արդեն «երես է թեքում» նրանցից։ Մեզ թվում է, թե Իրանը դեռևս հույս ունի, որ Ալիևների կլանը «խելքի կգա»։ Բայց եթե Ալիևյան կլանը հետագայում էլ ցուցադրի իր «չհասկանալը», ինչպես նաև փորձի Իրանի համբերությունը, ապա կարելի է չկասկածել, որ իրանցի զինվորականները շատ արագ կվերացնեն «կովկասյան թաթարների» ամեն մի նման ցանկությունը։ Իսկ Իրանի քաղգործիչներն ու դիվանագետները, ինչպես 2016 թ. ապրիլի վերջին, կսկսեն ճնշում գործադրել Թուրքիայի վրա։
Եվ որպեսզի շատերը չկասկածեն «անհասկացողներից երեսը շրջելու» Իրանի սպառնալիքի արժանահավատությանը, հոկտեմբերի 26-ին, այն բանից հետո, երբ «կովկասյան թաթարները» շարունակեցին ռազմական գործողությունները, ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերը ստորաբաժանումներ, տանկեր ու տեխնիկա ուղարկեցին երկրի հյուսիս-արևմտյան շրջանը՝ «Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանները պաշտպանելու համար Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական հակամարտությունից»։ Իրանից տեղեկացնում են, որ ԻՀՊԿ-ի ուժերը տեղաբաշխվում են իրանական Արևելյան Ադրբեջան նահանգի Ջուլֆա և Խոդա Օփարին քաղաքներում, որոնք ընդհանուր սահմաններ ունեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Արցախի հետ, «մարդկանց և ընդհանուր սահմանների անվտանգության ապահովման համար»։ Նույն օրը Խոդա Օփարինի շրջանում սահման է ժամանել Իրանի ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։
ՈՒշադրություն դարձնենք. ԻՀՊԿ-ի զորքերի և զրահատեխնիկայի մյուս մասը առաջ է գնացել Ջուլֆայից։ Ջուլֆա-Ջուղան բոլորովին այլ ուղղություն է, արդեն ոչ թե Հայաստանի, այլ Նախիջևանի հետ սահմանն է։ Նախիջևանում նույնպես Արաքսի վրա ջրամբար կա, որի ջրերն օգտագործում է Իրանը։ Թեհրանի ազդանշանը նախատեսված է, հատկապես Ջուլֆայից զորքերի ու զրահատեխնիկայի առաջխաղացման պարագայում, ոչ այնքան Ալիևների կլանի, որքան Թուրքիայի և այն երկրների համար, որոնք թաքնվում են Թուրքիայի թիկունքում։ Ո՞վ գիտի, գուցե 2020 թ. հոկտեմբերի 26-ին Իրանը հստակորեն ցուցադրեց 1993 թ. աշնան միջադեպը կրկնելու պատրաստակամությունը, երբ իրանական զորքերն օկուպացրին և հակամարտության գոտու մի մասը, և Նախիջևանի մի մասը՝ իրենց պաշտպանության տակ վերցնելով հենց Արաքսի վրայի երկու ջրամբարները։ Գուշակություններ չանենք։ Տարածաշրջանում Իրանի ակտիվացումը ոչ մեկի, նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի համար կատակ չի լինի։ Թեկուզ այն պատճառով, որ իրանական զորքերը «սովորություն ունեն». իրենց ներխուժած գոտիներում մնում են այնքան ժամանակ, ինչքան պետք է ռազմական հրամանատարությանը։ Եվ կրկին հիշեցնենք. Իրանի բոլոր զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին։ Հավանաբար բարձրագույն մակարդակի որոշ պատշաճ որոշումներ Թեհրանում արդեն ընդունված են։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ